пятница, 7 ноября 2014 г.

Ինձ խոսք չտաք ...


Ես խնդրում եմ, աղերսում եմ…

Չխոստանաք ինձ անտառներ, եթե անգամ մի կոտրված ճյուղ չեք տալու,

Չխոստանաք ինձ արևներ, եթե անգամ լույսը մարած մոմ չեք տալու,

Մի խոստացեք ինձ օվկիաններ, եթե անգամ գեթ մի բաժակ ջուր չեք տալու,

Ու խոսք չտաք ինձ գարուններ, եթե անգամ ձմռան ցրտին ձյուն չեք տալու:

Ինձ խոսք չտաք գրկող ձեռքեր, եթե բարև ինձ չեք տալու,

Չխոստանաք մեծ խնջույքներ, եթե անգամ հոգեհացը իմ չեք տալու,

Ինձ խոսք չտաք դուք ժպիտներ, եթե անգամ աչքիս լացը չեք մաքրելու,

Ու խոսք չտաք ինձ երկինքներ, թե թռիչքի թև չեք տալու:

Ինձ խոսք չտաք հազար ծափեր, եթե անգամ գրչիս գիրը չեք կարդալու,

Չխոստանաք հանդիպումներ, եթե վաղը տանս հասցեն չեք հիշելու,

Ինձ խոսք չտաք սիրո երգեր, եթե անգամ դատարկ նամակ ինձ չեք տալու,

Ու խոսք չտաք ինձ անձրևներ, եթե անգամ փոքր կաթիլ ինձ չեք տալու:

Ինձ խոսք չտաք դուք աշխարհներ, եթե անգամ ինձ մի մաշված հյուղ չեք տալու,

Չխոստանաք հաշտություններ, եթե անգամ մի սուտ ներում ինձ չեք տալու,

                Ինձ խոսք չտաք բարձր գահեր, եթե անգամ կոտրած աթոռ ինձ չեք տալու,

Ու խոսք չտաք ինձ ավելին, եթե քիչը ինձ չեք տալու…


Աշնան խնջույքին


Արի՛ քեզ տանեմ աշնան խնջույքին՝ մի տերևային խենթ պարահանդես,


Մասնակից դարձնեմ անսանձ պտույտին ու երջանկության երանգները տես։

Ե՛կ պարենք այսօր մենք կարոտագին, ասես չենք պարի էլ երբեք այսպես,

Ու հրավիրենք թող մենք ամենքին ու շուրջպար բռնենք տերևների պես։


Արի՛ քեզ տանեմ ուր որ չես եղել ու ճամփան որի ոչ ոք չգիտի,

Քեզ թույլ տամ հոգուս ծալքերը պեղել, որոշես գուցե տիրել, ո՞վ գիտի։

Թու՛յլ տուր ինձ այսօր քո ձեռքը բռնել ու քեզ ուղեկցել աշնան խնջույքի,

Ուր տերևները խենթ պար են բռնել ու կանչում են մեզ խենթ գինարբուքի…