суббота, 27 сентября 2014 г.

Ու չիմացա...



Գլխիս փլվեց տանիքը իմ դավաճանված հույսերի,
Ու կարոտի մի գերդաստան մնաց հոգնած ուսերիս,
Մռունչ կապեց երկինքը` նենգ ու մատնիչ ասղտերի,
Ու չիմացա, ով աղ լցրեց մրմռացող վերքերիս:

Խշխշացին ոտքերիս տակ տխրություններ վաղեմի,
Ու սգացին մենությունը իմ գլխատված հույսերի,
Ես լսեցի ականջիս տակ ցավը ջարդված երգերի
Ու չիմացա, ով ինձ թողեց առանց թռչող թևերի:

Բազմակետերն իր շաղ տվեց իմ գահակալը վերի
Այն տեղերում, որտեղ ես վերջակետերս դրի:
Մատնվեցին անուրջներս սին ու խաբող աչքերի
Ու չիմացա, ով ինձ սպանեց առանց խոցող զենքերի:


вторник, 16 сентября 2014 г.


Էլ այս աշունը ինձ չի վախեցնում,

Էլ չկա սիրո խենթացնող սպասում,

Ու հենց որ փակեմ պատուհաններս,

Չեմ լսի ոնց է աշունը լացում:


среда, 3 сентября 2014 г.

Բայց դու...



Ես վտարեցի ու հեռացրի քեզ իմ մռայլ կյանքի փլատակներից,
Բայց դու փակեցիր քո ականջները իմ խեղճ ու մոլոր աղաչանքներից,
Ես խնդրեցի քեզ փակել այս դուռը ու հրաժարվել բանալիներից,
Բայց դու ներս մտար առանց հարցնելու ու մաշված դուռս կողպեցիր ներսից:

Ես կործանեցի հույսերդ բոլոր ու երազներդ թողեցի գետնին,
Բայց դու խնամքով դասավորեցիր, հետո մաքրեցիր երազիդ փոշին,
Քեզ մթության մեջ մենակ թողեցի ու վերջին ջահն էլ կոտրեցի ճամփին,
Իսկ դու լվացիր ձեռքիս արյունը ու համբույր տվիր պատռված տեղին:

Կերա ես վերջին քո պատառ հացը ու դու ինչպես միշտ սոված մնացիր,
Սակայն մաքրեցիր աչքերիս թացը ու տանիքիս  տակ օրդ լուսացրիր,
Խլեցի քեզնից մտքերդ բոլոր ու դու խելագար ու խենթ մնացիր,
Բայց դու դուրս չեկար իմ մոլոր կյանքից , իմ մենությունը դու միշտ կիսեցիր:

Քեզ մոլորեցրի մութ անտառի մեջ ու ես քեզ մենակ թողեցի ճամփին,
Բայց դու գտար ինձ փոշոտ խրճիթում, դու անգիր գիտեիր ինձ տանող ուղին,
Ես քեզ հրեցի անդունդը խորին ու թողեցի, որ քեզ քշի քամին,
Բայց դու գրկեցիր իրանս ամուր ու փլվեցիր իմ նենգավոր գրկին:

Ու ես հեռացա առանց ետդարձի ու փշրանքներդ հետս չվերցրի,
Դու խառնվեցիր քամու հոսանքին, ես ճանապարհին ետ չնայեցի,
Բացեցի դուռը հոգնած սենյակիս, ծանրացած մտքով բարձին հենվեցի,
Իսկ դու քամու հետ պատուհանիս տակ այնքան սպասեցիր, մինչև քնեցի:

понедельник, 1 сентября 2014 г.

Քո դեմ



Ես այնքան փոքր եմ քո մեծությունից
Ու այնքան չնչին ու այնքան անդեմ,
Կտրված թել եմ քո հաստ կծիկից,
Վիրավոր զինվոր՝ կորած ու անզեն։

Ես այնքան ցածր եմ քո բարձրությունից
Ու այնքան հեռու ու այնքան անշեն,
Մի մոլորված կայծ քո ջերմ կրակից
Ու անշուք պտույտ՝քո ճախրանքի դեմ։

Ես այնքան սառն եմ քո տաքությունից,
Բայց այնքան ներող ու այնքան անքեն,
Պակասող թուղթ եմ ես քո օրագրից
Ու դատարկ տետր՝քո գրքերի դեմ։

Ես այնքան չար եմ քո բարությունից,
Ու այնքան տկար ու այնքան անվեմ,
Հեռացող արև քո երկինքներից
Ու խորտակվող նավ՝ալիքներիդ դեմ։