среда, 14 января 2015 г.

Թարթիչներիցս կարոտ է կաթում...


Իմ թարթիչներից կարոտ է կաթում, ու երկինքն է լուռ կաթում մատներիս,
Անքեն մատներս թացը չեն ներում, ու չկա ներում բացականերիս:
Թարթիչներիցս մի անտուն կարոտ պոկվում է դանդաղ, թափվում այտերիս,
Իսկ դրսում օրը`խենթ ու անձրևոտ, լացում է ասես պատուհաններիս:

Իմ թարթիչներից կարոտ է կախված ու հուշ է կախված հոգնած կոպերիս,
Ու իմ ճամփորդը`վաղուց ուշացած, փոխում է ուղին ճանապարհներիս:
Թարթիչներիցս պոկված մի կարոտ գլորվում է ցած, թափվում ուսերիս,
Ու սենյակիս մեջ սեղմված մի օդ պայթում է հանկարծ իմ խեղդվող շնչից:

Իմ թարթիչներից կարոտ է հոսում ու լուռ կաթում է բացված վերքերիս,
Իսկ քամին դրսում խենթ գալարվելով ջարդվում է ասես պատուհաններիս:
Թարթիչներից իմ կարոտ է ծորում` կապույտ կարոտ է ծորում այտերիս,
Ու այտերովս սահելով ներքև, թրջելով հոգիս`կաթում մատներիս…

Աղոթք



Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ներեմ մարդուն,
Որ իմ նմանին սովորեմ ներել,
Որ չբանտարկեմ իմ մեջ չներում,
Օգնի՛ր սովորեմ ինձ հաղթահարել:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, բաց թողնել անցյալն,
Սովորել ապրել միայն ներկայում,
Չդառնալ հուշի անհույս բանտարկյալ,
Օգնի՛ր, որ հաղթեմ գալիք պայքարում:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, չհուսահատվել
Ու ետ չդառնալ իմ պատերազմից,
Սովորեցրու՛ ինձ սարսափս ջարդել,
Օգնի՛ր խուսափել հարձակումներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ քեզ չմոռանալ,
Երբ ուրախությամբ պարուրվի հոգիս,
Սովորեցրու՛ ինձ քեզ վերադառնալ,
Օգնի՛ր չշեղվել ճանապարհներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ես էլ օգնեմ,
Երբ մերձավորն իմ օգնություն հայցի,
Որ ընկածներին իմ ձեռքը մեկնեմ,
Որ մաքրեմ թացը մարդկային լացի:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, օգնի՛ր, քանի կամ,
Քանի հաճում ես ապրեմ այս կյանքում,
Պարգևի՛ր ընկեր, սեր ու բարեկամ,
Օգնի՛ր չմնամ մենակ աշխարհում:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ էլ չհոգնեմ,
Ու չվախենամ թռչող նետերից,
Որ սրտիս ցավը ներել սովորեմ,
Օգնի՛ր ինձ փրկվեմ ջրհեղեղներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ հավատալ նորից,
Եթե ծնկներս կծալվեն հանկարծ,
Սովորեցրու՛ ինձ չհաղթվել չարից
Ու հավիտյանս, օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ: