среда, 14 января 2015 г.

Աղոթք



Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ներեմ մարդուն,
Որ իմ նմանին սովորեմ ներել,
Որ չբանտարկեմ իմ մեջ չներում,
Օգնի՛ր սովորեմ ինձ հաղթահարել:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, բաց թողնել անցյալն,
Սովորել ապրել միայն ներկայում,
Չդառնալ հուշի անհույս բանտարկյալ,
Օգնի՛ր, որ հաղթեմ գալիք պայքարում:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, չհուսահատվել
Ու ետ չդառնալ իմ պատերազմից,
Սովորեցրու՛ ինձ սարսափս ջարդել,
Օգնի՛ր խուսափել հարձակումներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ քեզ չմոռանալ,
Երբ ուրախությամբ պարուրվի հոգիս,
Սովորեցրու՛ ինձ քեզ վերադառնալ,
Օգնի՛ր չշեղվել ճանապարհներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ես էլ օգնեմ,
Երբ մերձավորն իմ օգնություն հայցի,
Որ ընկածներին իմ ձեռքը մեկնեմ,
Որ մաքրեմ թացը մարդկային լացի:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, օգնի՛ր, քանի կամ,
Քանի հաճում ես ապրեմ այս կյանքում,
Պարգևի՛ր ընկեր, սեր ու բարեկամ,
Օգնի՛ր չմնամ մենակ աշխարհում:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ էլ չհոգնեմ,
Ու չվախենամ թռչող նետերից,
Որ սրտիս ցավը ներել սովորեմ,
Օգնի՛ր ինձ փրկվեմ ջրհեղեղներից:

Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ հավատալ նորից,
Եթե ծնկներս կծալվեն հանկարծ,
Սովորեցրու՛ ինձ չհաղթվել չարից
Ու հավիտյանս, օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ:
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: