среда, 3 сентября 2014 г.

Բայց դու...



Ես վտարեցի ու հեռացրի քեզ իմ մռայլ կյանքի փլատակներից,
Բայց դու փակեցիր քո ականջները իմ խեղճ ու մոլոր աղաչանքներից,
Ես խնդրեցի քեզ փակել այս դուռը ու հրաժարվել բանալիներից,
Բայց դու ներս մտար առանց հարցնելու ու մաշված դուռս կողպեցիր ներսից:

Ես կործանեցի հույսերդ բոլոր ու երազներդ թողեցի գետնին,
Բայց դու խնամքով դասավորեցիր, հետո մաքրեցիր երազիդ փոշին,
Քեզ մթության մեջ մենակ թողեցի ու վերջին ջահն էլ կոտրեցի ճամփին,
Իսկ դու լվացիր ձեռքիս արյունը ու համբույր տվիր պատռված տեղին:

Կերա ես վերջին քո պատառ հացը ու դու ինչպես միշտ սոված մնացիր,
Սակայն մաքրեցիր աչքերիս թացը ու տանիքիս  տակ օրդ լուսացրիր,
Խլեցի քեզնից մտքերդ բոլոր ու դու խելագար ու խենթ մնացիր,
Բայց դու դուրս չեկար իմ մոլոր կյանքից , իմ մենությունը դու միշտ կիսեցիր:

Քեզ մոլորեցրի մութ անտառի մեջ ու ես քեզ մենակ թողեցի ճամփին,
Բայց դու գտար ինձ փոշոտ խրճիթում, դու անգիր գիտեիր ինձ տանող ուղին,
Ես քեզ հրեցի անդունդը խորին ու թողեցի, որ քեզ քշի քամին,
Բայց դու գրկեցիր իրանս ամուր ու փլվեցիր իմ նենգավոր գրկին:

Ու ես հեռացա առանց ետդարձի ու փշրանքներդ հետս չվերցրի,
Դու խառնվեցիր քամու հոսանքին, ես ճանապարհին ետ չնայեցի,
Բացեցի դուռը հոգնած սենյակիս, ծանրացած մտքով բարձին հենվեցի,
Իսկ դու քամու հետ պատուհանիս տակ այնքան սպասեցիր, մինչև քնեցի:
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: