понедельник, 4 августа 2014 г.

Լռության Երգը

Ես հրավիրված էի մասնակցելու բարձրախավ խնջույքի, որը բարձրախավ էր իր ամեն ինչով` բարձրախավ մարդիկ, բարձրախավ շողոքորթություն, բարձրախավ ձանձրույթ… ես պտտվում էի հսկայական տան շքեղ սրահներով` անցնելով մի սեղանից մյուսը, փոխելով գինով լի տասնյակ բաժակներ` դրանց վրա թողնելով արբած շուրթերիս հետքը: Չորս կողմս փայլփլուն հագուստներով կանայք էին, որոնք կարծես իրենց վրա շաղ էին տվել աշխարհի ողջ փայլերը, ու նրանց դեմքին

իջած դժգոհունակ արտահայտությունից դատելով` դա դեռ հեռու էր բավական լինելուց: Իսկ այդ պսպղուն տիկնանց անընդմեջ ընկերակցում էին ոչ պակաս պսպղուն տղամարդիկ ու թեև նրանց հետ համեմատած իմ կոշիկները չունեին նույն փայլը ու տաբատս էլ հասցրել էր մարել իր օրերի քանակը, իմ տղամարդկային հպարտությունը, որով ես շատ անգամներ պարծենում եմ, ինձ չէր թողնում գլուխս կախել: Ես երեկույթի միակ տղամարդն էի, ով համարձակվել էր ներկայանալ առանց ոսկեզօծ ընկերակցուհու ու երևի դա էր պատճառը, որ ինձ ոչ մեկ չէր նկատում ու դա թույլ էր տալիս ինձ մանրամասնորեն զննել երեկոյի բոլոր ներկաներին:
Մի շաբաթ առաջ էր, երբ ծանոթներիցս մեկը ինձ առաջարկեց մասնակցել այս խնջույքին, ու համաձայնվելուս պատճառը ամենևին քաղաքավարությունս չէր, պարզապես ես երբեք չեմ հրաժարվում մի քանի բաժակ անվճար գինուց` հատկապես, երբ այն համեմված է կանացի պճնամոլ ներկայությամբ… տղամարդկային անկառավարելի բնազդ…
Առանձնատունն իսկապես շքեղ էր. Պատերին անծանոթ նկարչի գործեր էին կախված, բայց դրանք այնքան գեղեցիկ էին, որ ես պատրաստ էի անգամ վերջին շիշ գինիս էլ զոհաբերել դրանց տեր դառնալու համար: Հատակին` ամբողջ հյուրասենյակի երկայնքով, թավշյա ծաղկազարդ գորգ էր փռված, որն այնքան վեհ տեսք ուներ, որ վրայով անցնելիս ու այն ոտքերի տակ առնելուց հետո, մի քանի րոպե դեռ լցված էիր մնում մեղքի ծանր զգացումով: Հյուրասենյակի հենց կենտրոնում` բարձր առաստաղի մեջտեղից թագուհու նման կախված էր հսկայական շլացուցիչ ջահը, որը իր վրա արտացոլելով պսպսղուն կանանց փայլը` կայծկլտում էր օդում:
Միգուցե գինին հասցրել էր իր գործն անել ու դա էր պատճառը, բայց այս տան ամեն մի անկյունը հեքիաթային ու աչք շոյող գեղեցկություն ուներ ու թեև ներսում անխղճորեն տիրում էր քծնանքն ու շողոքորթությունը, միևնույն է, դա ի զորու չէր փակել իմ տեսողությունը այս կախարդանքի նկատմամբ:
Ես հմայված էի այս թովչանքով, երբ ինձ սթափեցրեց տան տիրոջ խռպոտ ձայնը, որը բոլորին հրավիրում էր տեղափոխվել ոչ պակաս շքեղ ճաշասենյակ` համտեսելու օրվա տաք ուտեստը: Ու քանի որ մի քանի բաժակ գինին արդեն հասցրել էր լցնել ստամոքսիս դատարկությունը, ես որոշեցի սողոսկել տան այն անկյունները, որտեղ հյուրեր չկային:
Նեղ ու երկար միջանցքը բոլորովին դատարկ էր, միջանցքով մեկ փռված էր երկար կարմիր գորգը, որը տանում էր դեպի տան ամայի ու չբնակեցված սենյակները: Ես յուրաքանչյուր ծակ ու ծուկ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո նկատեցի, որ միջացքն արդեն վաղուց ավարտվել էր ու ես չգիտեմ թե ինչպես հայտվել էի տան ձախ թևում` հյուրերին թողնելով տան աջակողմյան հատվածում: Իսկ այ ինչպես վերադառնալ հյուրերի մոտ ինձ համար մութ էր մնում, քանի որ չկա ավելի հեշտ բան, քան մոլորվել անծանոթ տան հսկայական սրահներում:
Իմ անփութության հանդեպ զայրույթից կոկորդս սկսեց ուժգին սեղմվել ու խմելու խիստ ծարավ զգացի: Բարկությունից քրտինք կուտակած ձեռքերով սկսեցի պատահականության կարգով բացել հանդիպող բոլոր դռները, բայց հյուրերին գտնելու փոխարեն ես դեմ էի առնում դատարկությունից արձագանքող սենյակների: Իմ անարդյունք փորձերից հոգնած` ծանրացած մարմնով փռվեցի գետնին, որպեսզի փոքր-ինչ շունչ քաշեմ:
Երևի հինգ րոպե էլ չէր անցել, մինչ ես շունչս տեղը կգցեի, երբ ականջիս հասան երաժշտության խուլ ելևէջներ: Դրանք այնքան հեռվից էին գալիս, որ թվում էր, թե իրական չէն, այլ իմ հոգնած երևակայության արդյունքը: Ես ինքս ինձ համոզեցի ոտքի կանգնել ու ականջներս սրեցի` որսալու երաժշտության ուղղությունը: Երևի տասն անգամ փոխեցի ճանապարհս ու տասն անգամ նույն տեղը վերադարձա, մինչև վերջապես սկսեցի հստակ լսել կախարդական նոտաները: Մի քանի րոպե տանջալից մտորումներից հետո վերջապես մտաբերեցի ծանոթ ելևէջները` <<Լուսնի Սոնատն>> էր:
Ձեռքս դանդաղ մոտեցնելով բռնակին` հնարավորինս անձայն ու աննկատ բաց արեցի դուռը: Սա երևի տան ամենամեծ սենյակն էր և զուրկ էր կահավորանքից, պատուհաններն ամբողջովին բաց էին, իսկ բաց պատուհաններից ագահորեն ներս էր թափվում զովացնող քամին` աջ ու ձախ պարացնելով պատուհաններից կախված կաթնագույն վարագույրները: Վիթխարի սենյակի հենց մեջտեղում դրված էր տեղ-տեղ գունաթափ սև դաշնամուրը, իսկ դրա առջև` մեջքով դեպի ինձ, նստած էր մի լայնաթիկունք սևազգեստ տղամարդ: Ես ոտքերիս ծայրերի վրա առաջ շարժվեցի դեպի դաշնամուրն իրեն ենթարկող տղամարդը` ամեն կերպ փորձելով զսպել հատակի ձայնը, որը ճռճռում էր ոտքերիս տակ:
Նրա կիսաճաղատ գլուխը շողում էր արևի լույսից ու կիսախոնարհ վիճակում էր, իսկ աչքերը`փակ: Նա ինձ անկասկած չէր նկատել: Նա կտրված էր իրականությունից ու <<Լուսնի Սոնատը>> տարել էր նրան դեպի տիեզերքի անսահմանություն, որտեղ նա լող էր տալիս աստղերի մեջ: Նրա մատները սահում էին սպիտակ ու սև ստեղների վրայով` կարծես շոյելով ու գրկելով դրանց: Երաժշտության թախիծը կանգնեցրել էր սենյակի օդը, թախիծ, որը այս թիկնեղ տղամարդու հոգու արձագանքն էր, որն ուզում էր վերջապես ազատ արձակվել իր բանտախցից, թախիծ, որ բողոքում էր, թախիծ, որ կարիք ուներ լսելի լինելու:
Նրա հոգին վազում էր ստեղների վրայով, ու այդ ստեղները տնքում էին, իսկ նոտաները լալիս նրա մատների տակ: Երաժշտությունը թախծում էր նրա հետ միասին: հաջորդ րոպեների ընթացքում ես նույնպես փակել էի աչքերս ու մատնվել թովիչ երաժշտության կախարդանքին: Նոտաները, այնուհետև, իրենց բողոքն ու ցավն արտահայտելով փնջվեցին ու վերջապես մարեցին օդում: Ես առանց հասկանալու կատարվելիքը սկսեցի խենթի նման ծափահարել, ես պատրաստ էի գրկել նրան ամուր ու կիսել նրա հետ իր ցավը, բայց ի զարմանս ինձ տղամարդը ոչ մի կերպ չարձագանքեց իմ ոգեշունչ ծափերին: Նա չէր լսում իմ ծափերը, նա ոչինչ չէր լսում…Ավելին` նա երբևէ ոչինչ չէր լսել ու չէր էլ կարող… Այս տղամարդը, ում մատների տակ երգում էր դաշնամուրը, չէր կարող լսել այդ երգը: Ես երկար ժամանակ շփոթության մատնված կանգնած մնացի նրա ետևում` հիշելով, թե նա ինչպես էր զգում ու ինչպես էր ապրում այն, ինչն ինձ համար հանճարեղ երաժշտություն էր, իսկ նրա համար` լռություն…
Ու ես հասկացա, որ այս տղամարդն ավելի լավ էր լսում քան մենք բոլորս, նա լսում էր անգամ անլսելին, նա զգում էր ու լսում էր լռությունը, իսկ նրա լռությունը երգում էր…
Ես` այս աշխարհից վերացած, նույն աննկատությամբ ու անձայն քայլերով դուրս եկա սենյակից, կրկին զսպելով հատակի ճռճռոցը` կարծես մոռանալով, որ լռությունը լսող մարդը ճռճռոց չի լսում…

Առանց հասկանալու հայտնվեցի հյուրասենյակում, մոլորված մտքերով գլորվեցի պսպղուն ամբոխի մեջ ու լող տվեցի ոսկյա կանանց ու տղամարդկանց միջով: Ես կրկին գտնվում էի քծնանքի ու շողոքորթությունների որջում, ինձ նորից շրջապատում էին փայլն ու գինին, բայց այս անգամ գլխիս ու հոգուս մեջ անընդմեջ հնչում էր լռության երգը…


Прослушать или скачать The Moonlight Sonata бесплатно на Простоплеер
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: