понедельник, 4 августа 2014 г.

Պարող կոշիկները

Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը…….
Կարևոր չէ, թե որն է հաջորդ կայարանը, կարևորն այն է, որ դռներն արդեն փակվել են, ու ես սլանում եմ գնացքի հետ մեկտեղ դեպի այնտեղ, ուր ես չկամ…
Գնացքի այս փոքրիկ խցում հինգ րոպեանոց կյանք է պահված, հինգ րոպե, մինչ կհասնես մյուս կանգառին ու կփոխվեն մարդիկ, և կսկսվի նոր հինգ րոպեանոց կյանք… Ու այսպես շարունակ, այսպես անվերջ… հինգ րոպեանոց կյանք` խտացրած փոքրիկ խցում, հայացքներից սեղմված օդում, պարապությունից քարացած գնացքում:
Ես չգիտեմ, թե որն է իմ կանգառը, ես այլևս սպառել եմ իմ կանգառները: Ականջ ցավեցնող ձայն, գնացքի քմահաճ շարժմանը ինքնաթող եղած մարմիններ ու օրվա քայլքից հոգնած կոշիկներ…
Ես հերթով հայացքս սահեցնում եմ իրար հաջորդող կոշիկների վրայով: Դրանք այնքան տարբեր են, տարբեր, ինչպես այն մարդիկ, ովքեր կրում են դրանք… զննում եմ կոշիկները ու փորձում կռահել, թե ինչպիսին են դրանց տերերը, երբ հանկարծ զույգ շագանակագույն, տեղ-տեղ ճաքճքված ու փոշոտ կոշիկներ գողանում են ուշադրությունս: Դրանք ժամանակ առ ժամանակ շարժվում են աջ ու ձախ, հետո վերև ու ներքև կարծես փորձում են որևէ մեղեդի նվագել: Մի զույգ պարող կոշիկներ… փոշոտված կոշիկներ….
Ու ես մտքիս թղթերի վրա գծում եմ պարող կոշիկների տիրոջը` յոթանասունի շեմը հատած տղամարդ` ճեփ-ճերմակ մազերով, կյանքի հոգսերի բեռի տակ ծալծլված ձեռքերով, հազար ու մի պատմություն թաքցնող կնճիռներով, բավականին նվաղ կազմվածքով, բայց խորը ու բազմիմաստ ժպիտով`կախված ծերությունից թրթռացող շուրթերից, իսկ ձեռքին մի տոպրակ`լցված աշխատանքային գործիքներով…
Ես պատկերացնում եմ, թե նա ինչպես է պարող կոշիկներին համահունչ տարուբերում ձյունածածկ գլուխը`մասնակից դառնալով կոշիկների խրախճանքին: Յուրաքանչյուր շարժման հետ մաշված կոշիկների կրունկները բախվում են գնացքի դեղին հատակին ու ճռճռալով նորից վեր բարձրանում: Դրանք մի հանճարեղ երաժշտություն են նվագում, որն ասես ավելի բարձր է հնչում, քան գնացքն ինքը… ես լսում եմ այդ երաժշտությունը ու նույնիսկ պատրաստվում եմ ինձ պարընկեր դարձնել նրան, երբ հանկարծ կոշիկները հերթական զարկը կատարելիս սառում են օդում ու մի պահ քարացած կանգ առնում, այնուհետև կարծես պարային շրջանն ավարտելով` հանդարտ իջնում են գետնին` այս անգամ առանց երաժշտության…
Ես հետևում եմ, թե ինչպես են դրանք առանց շտապելու գնում դեպի գնացքի բացվող դռները ու ինչպես են դուրս գալիս` անջատելով գնացքի երաժշտությունը…
Ես բարձրացնում եմ հայացքս… պարող կոշիկներն այլևս չկան, իսկ ես այդպես էլ չտեսա պարող կոշիկների տիրոջը… Ու նորից այս ականջ ցավեցնող ձայնը, որը ինձ ստիպում է նորից հայացքով թափառել կողք-կողքի շարված կոշիկների վրայով… ես փնտրում եմ թեկուզ մաշված, բայց պարող կոշիկներ…
Իրար հաջորդող կոկիկ ու մաքուր կոշիկներ` անշարժ ու միապաղաղ, ու ոչ մի պարող կոշիկ… ուրեմն, սա իմ կանգառն է…ուրեմն ժամանակն է իջնել գնացքից…
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: